Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի պատվիրակությանը` երկու երկրների առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ուղիները քննարկելու և դեսպանին հրաժեշտ տալու` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։
Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին ներկայացրել է, թե ինչ համագործակցություն է եղել մինչ այժմ Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտում: Վերջինս հանդես է եկել նաև մի շարք նոր առաջարկներով, մասնավորապես հարաբերությունները խորացնել քաղցկեղի կանխարգելման, սկրինինգային ծառայությունների ընդլայնման, կրթական փոխանակման ծրագրերի, առողջապահական տուրիզմի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, ակնաբուժական մասնագիտացված կլինիկայի ուղղությամբ աշխատանքներ տանելու և մի շարք այլ ուղղություններով:
Դեսպանը նշել է, որ մեծ ցանկություն կա քաղցկեղի կանխարգելման սկրինինգներ իրականացնելու համար հետազոտական կենտրոն հիմնել Հայաստանում:
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին, ապա պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով համագործակցելու և նշել, որ ուրախ կլինի իրանական փորձը կիրառել մեր երկրում:
Վերջում իրանական կողմը նախարար Արսեն Թորոսյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն` ծանոթանալու իրենց երկրի առողջապահական համակարգին:
Նախարարը սիրով համաձայնել է և ամփոփելով հանդիպումը` Սեյեդ Քազեմ Սաջադիին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքների համար: