Ուկրաինայում մոբիլիզացիայի փոփոխությունները կազդեն նաև արտերկրում գտնվող տղամարդկանց վրա։
Այս մասին հայտնել է Strana հրատարակությունը՝ հղում անելով Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Եգոր Չերնևին։
Պատգամավորի խոսքով՝ զորահավաքային փոփոխությունների մասին օրինագիծը ներառում է նաև արտերկրում գտնվող տղամարդկանց:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարից Ուկրաինայում ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել և բազմիցս երկարացվել է ժամկետը։ 2023-ի նոյեմբերի վերջին, «Ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության հարցերով» Ռադայի հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն հայտնել էր, որ մոբիլիզացիան ձախողվել է:
Նրա խոսքով, բանակի համալրման խնդիրն ավելի սուր է, քան արկերի պակասը։
Արդեն դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռազմական հրամանատարությունը պահանջում է բանակում ևս 500 հազար մարդու համալրում: Ելնելով ստեղծված վիճակից, մոբիլիզացիայի մասին օրինագծով առաջարկվեց խստացնել միջոցառումները նրանց դեմ, ովքեր տարբեր հանգամանքներով պայմանավորված չեն երևում զինվորական հաշվառման և զորակոչային մատյաններում, զորակոչվելիս չեն ներկայանում զինկոմիսարիատ:
Միաժամանակ, թույլ է տրվել երրորդ խմբի հաշմանդամների զորակոչը:
Այն բանից հետո, երբ այս օրինագիծը հայտնվել է մամուլում, Ուկրաինայից հեռանալու ցանկություն ունեցողների հերթեր են գոյացել ԵՄ երկրների սահմանին գտնվող անցակետերում, իսկ սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել երկրից երրորդ խմբի հաշմանդամների, բազմազավակ հայրերի և որոշ կատեգորիաների վարորդների հեռանալն արգելու մասին: