Վ. Սամուելյանի անվան մշակույթի տան սաները իրենց վրձինն են զենք դարձրել հանուն հաղթանակի

Հրապարակող՝

123658519_2016531018482300_6855849100339716099_n

Ամենադիտվածներ

Արցախյան նոր պատերազմի սկսվելու առաջին օրից Արթիկ քաղաքում սկսվել և շարունակվում են նախաձեռնությունները և ակցիաները, որոնք աջակցում են մեր բանակին։ Արդեն չորրորդ օրն է Արթիկի՝ Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան գեղանկարչության սաները իրենց վրձինն են զենք դարձրել։ Մշակույթի տունը իր սաների հետ կազմակերպում է նկարների բարեգործական վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին: Յուրաքանչյուր նկար սիմվոլիկ գին ունի՝ 1500 դրամ,  բայց ավել վճարողներ էլ կան։

Կամավորներից Արենի խոսքով՝ առաջին օրը արել են նախապատրաստական աշխատանքներ և հասկացել, որ նախաձեռնությունը բավական արդյունավետ է։ «Մարդիկ հետաքրքրված են, բայց մեր ակցիան անսպասելի սկսվեց, քաղաքացիներից շատերը գումարը տալիս են, բայց նկարը չեն վերցնում»,- պատմում է Արենը։

Ցուցահանդես-վաճառքի գործերում կան նաև հայրենասիրական մոտիվներով նկարներ։ Սաները զուգահեռ նկարում են, գունավորում և վաճառում։

Կամավորներից Լիլիթը նշում է՝ քանի որ չի կարող զենք վերցնել և կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին, այսպես է օգնում։ «Մենք ամեն դեպքում ուզում էինք մի բանով օգնել , քանի որ պատերազմից մի քանի օր առաջ կազմակերպել էինք ցուցահանդես, մտածեցինք՝ հենց այդ նկարներն էլ վաճառել»,- պատմեց Լիլիթը։

Ցուրտ եղանակի պատճառով խումբը որոշել է ակցիան օնլայն շարունակել։ Օնլայն եղանակով նկարներն ավելի արագ են վաճառվում, և քաղաքացիները ավելի ակտիվ են այս հարթակում։

«Կարելի է համարել, որ մեր ծրագիրը արդարացրել է իրեն»,- շեշտում է Արենը։

Ահա այսպես ինչքան շատ նկար, այնքան ավելի հզոր զենք, ավելի շուտ հաղթանակ՝ վստահ են մշակույթի տան սաները։

Այս օրերին յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ջանքերը ներդնել ի նպաստ հաղթանակի։  Իսկ ինչպես բազմիցս շեշտել եմ հաղթանակը պարտադիր մերն է լիելու։

Հեղինակ՝ Շողակաթ Կակոյան

 

Ամենաթարմ