fbpx
Աշխարհ

Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է հաքերային գործունեության նպատակով WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրող Չելսի Մենինգի հետ դավադրություն կազմելու և ԱՄՆ-ի պետական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ: Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը, սակայն վերջնական վճիռ առայժմ չի կայացվել: Դատական հաջորդ լսումը նշանակված է մայիսի 2-ին:

Բացի դրանից` Ջուլիան Ասանժը մեղավոր է ճանաչվել 2012թ.-ին գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու մեջ. հենց այդ ժամանակ է նա թաքնվել Էկվադորի դեսպանատանը, որտեղ անցկացրել է 7 տարի:

Ասանժը ձերբակալվել է արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման հիման վրա:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր այսօր ավելի վաղ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն իր թվիթերյան էջում բացատրել էր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու պատճառները՝ դրանց շարքում նշելով վերջինիս անքաղաքավարի և ագրեսիվ վարքը: WikiLeaks-ի հիմնադիրը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրում էր 2012 թ.-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ