fbpx
Մարզեր

Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում

Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի:

«Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։

«Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր է»,- նկարագրել է Մուշ 2/2 թաղամասի բնակիչներից մեկը։

Իսկ այսօր առավոտյան նույն վիճակն է եղել Մուշ 2 թաղամասում, որտեղ ջրամատակարարումը դադարեցվել է: Սա հաշվի առնելով՝ թաղամասի մանկապարտեզի երեխաներին տուն են ուղարկել։«Խողովակներից գալիս էր ոչ որակյալ ջուր, մենք ջուր չունեինք պահեստավորած, որ օգտագործեինք երեխաների համար սնունդ պատրաստելու ժամանակ, կամ լվացվեինք, ճիշտ գտանք երեխաներին ուղարկենք տուն՝ ծնողների հսկողության տակ»,- ասում է Գյումրու «Մուշ» կենտրոնի բուժքույր Աննա Կարապետյանը։Քաղաքի մի քանի թաղամասերում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի մասնագետները երեկ և այսօր ջրից նմուշառումներ են կատարել: Մանրէաբանական հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը, բայց միևնույն ժամանակ նշում են, թե այն օգտագործելը վտանգավոր չէ, ուղղակի խորհուրդ են տալիս եռացնել:

«Մենք նմուշառումներ ենք կատարել քաղաքի բոլոր թաղամասերում, խմելու ջրի անվտանգության տեսակետից հիմնական ցուցանիշը մնացորդային քլորի առկայությունն է։ Չի եղել մի կետ, որտեղ մենք քլոր չհայտնաբերենք, այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ ջուրը վարակազերծված է»,- հետազոտությունների արդյունքներն այսպես է ներկայացրել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը։Իսկ ջրի գույնի, որակի փոփոխությունը, «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուի պարզաբանումներով՝ Կապս գյուղի մոտակայքում Ղազանչի -Գյումրի 600 մետր տրամագծով մայր խողովակի վրա տեղի ունեցած վթարն է: Վթարավերացման աշխատանքներն սկսվել են երեկվանից:«Վթար առաջացած հատվածի որոշակի հողային շերտ ներծծվել է խողովակի մեջ, ինչի հետևանքով առաջացել է ջրի որակի թույլատրելի պղտորություն, ամիջապես մեր կողմից որակի ստուգումներ են կատարվել, որևէ վտանգավոր դեպք չի հայտնաբերվել», -պարզաբանել է «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» ՏՏ մարզերի գծով տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը։

Վթարավերացման աշխատանքներն ավարտված են, ջրամատակարարումը Գյումրիի թաղամասերում վերականգնվում է աստիճանաբար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ