Azat TV-ին զրուցել է Asatryan Consulting ընկերության տնօրեն Ռաֆայել Ասատրյանի հետ։
– Պարոն Ասատրյան, հաշված օրեր են մնում, որպեսզի ամփոփենք տարին, ինչպե՞ս կգնահատեք 2021 թվականը, ինչպիսի՞ն էր այն անշարժ գույքի շուկայի համար։
– Եթե համեմատենք անցած 2 տարիների հետ, ապա կարելի է վստահորեն ասել, որ 2021 թվականը ավելի լավ ցուցանիշներով ենք եզրափակում։
– Համավարակ, պատերազմ, ներքաքաղաքական ցնցումներ՝ ի՞նչ ազդեցություններ ունեցան դրանք անշարժ գույքի ոլորտի վրա։
– Պատերազմը, ներքաքաղաքական ցնցումները և դրանց հետևող անկայուն վիճակը իհարկե բացասական ազդեցություն թողեց երկրի ողջ տնտեսության վրա և բնականաբար դրանից անմասն չմնաց նաև անշարժ գույքի շուկան: Սակայն, պետք է նշեմ, որ համավարակը, ինչպես նաև այս փետրվար ամսին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը՝ նպաստեցին սեփական տների վաճառքի և կառուցապատման ավելացմանը, հասկանալի պատճառներով։ Նշեմ նաև, որ երկրաշարժը դրդեց մի զգալի խումբ մարդկանց, որպեսզի ավելի ուշադիր և խստապահանջ լինեն ձեռք բերվող գույքի շինարարական նորմատիվների հանդեպ։ Ի դեպ՝ պատերազմից և դրա հետևանքներից բոլորիս համար հասկանալի հետևանքներից հետո, ենթադրվում է, որ հողատարածքների գները կվերանայեն մարդիկ։ Հասկանում եմ, որ ոմանց մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու, դրա համար շտապեմ միանգամից պարզություն մտցնել վերջին ասածիս մասով՝ տեսե՛ք, հողն այն ռեսուրսներից է, որ հնարավոր չէ լրացնել արտադրության միջոցով, այն սահմանափակ է, և, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ շատերն են ուզում ունենալ իրենց սեփական հողակտորը, իսկ մեր ռեսուրսն այդ հարցում հիմա ավելի քան սահմանափակ է, ապա տրամաբանական է դառնում գների վերանայումը։
– Եկամահարկի վերադարձի մասին օրենքի վերջին փոփոխությունների համաձայն, այդ համակարգը մինչև 2025 թվականը աստիճանաբար կսկսի չգործել Երևանի քաղաքի համար։ Ինչպի՞սի հետևանքներ կարող է թողնել այս փոփոխությունը, թե՛ բացասական և թե՛ դրական տեսանկյունից։
– Դժվար է միանշանակ բացասական կամ դրական գնահատական տալ օրենքի փոփոխությունը։ Բնականաբար այն որոշակի կերպով կազդի կառուցապատողների վրա, սակայն կարծում եմ այն ավելի շատ ազդեցություն կթողնի գնորդ կողմի վրա Երևան քաղաքի մասով, կարծում եմ նաև որոշակի կկարգավորվի երկրորդային շուկան։ Ենթադրվող դրական կողմը այն է, որ կզարգանա կառուցապատումը նաև Երևանից դուրս և մեր մյուս քաղաքներն ու մարզերը նույնպես կզարգանան։ Ամեն դեպքում՝ շինարարության ոլորտն այս պահին մեր երկրի անոթներն են։ Կապրենք, կտեսնենք։
-Բազմաթիվ քաղաքացիների, անշուշտ, հետաքրքրում է, թե ի՞նչու պետք է նրանք օգտվեն այնպիսի ընկերությունների ծառայություններից, ինչպիսին Asatryan Consulting-ն է, ի՞նչ առավելություններ են ստանում նրանք նման ծառայություններից օգտվելիս։
– Տեսե՛ք, հարցը փորձի և հնարավորությունների մեջ է։ Մենք և մյուս բարեխիղճ կազմակերպություններն ու ընկերություններն ունեն բազմամյա փորձ, որից հետևում է, որ մենք կարող են գնորդին, ինչու ոչ՝ նաև վաճառող կողմին տալ ընտրելու լայն հնարավորություն։ Պատկերացրեք, որ մոտենում եք մի նոր կառուցվող կամ արդեն կառուցված շինության և սկսում եք հարց ու փորձ անել։ Բնականաբար պատասխանները լինելու են տվյալ շինության հետ կապված, նկարագրելու են այն և ոչ ավելին։ Իսկ մեր դեպքում դուք ունենում եք ընտրության լայն սպեկտոր, ուստի, եթե օգտվեք մեր բազմամյա փորձից և մեր մասնագետները կօգնեն ձեզ կատարել ճիշտ որոշումներ, կնքել փոխշահավետ գործարքներ ու արդյունավետ տնօրինել ձեր կապիտալը: Չափազանց կարևոր է նաև ժամանակի խնայողության պահը, երբ դիմում եք մասնագետների ծառայությանը, ժամանակն ավելի արդյունավետ է օգտագործվում։ Առկա է նաև վստահության ֆակտորը։ Պատահական չէ, որ մեր կազմակերպությունը որդեգրել է հետևյալ նշանաբանը ՝ «Լավագույն գնահատականը՝ հաճախորդի վստահությունն է»:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2022 թվականից անշարժ գույքի ոլորտի հետ կապված և ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին։
– Ակնկալիքներն ու սպասելիքները մեծ են, սպասվող աշխատանքը՝ էլ ավելի։ Ցանկությունս այն է, որ ոչ միայն անշարժ գույքի շուկան, այլ նաև երկրի ողջ տնտեսությունը կայունություն և աճ գրանցի։ Մաղթանքներս կուզենայի առաջինը հենց մասնագիտական ոլորտի հետ կապված ձևակերպել։ Թող գալիք տարին այնպիսին լինի, որ բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառներից դրդված ժամանակին վաճառել են իրենց ունեցվածքը, այդ թվում անշարժ գույքը և հեռացել երկրից՝ ետ վերադառնան ու ձեռք բերեն ավելին, քան կորցրել էին ու մնան, ապրեն և արարեն մեր սիրելի Հայաստանում։
Բոլորիս քաջ առողջություն, աշխատասիրություն, հաջողություն և երջանկություն եմ մաղթում։ Թող խաղաղություն լինի։
Հովեյան Վիկտորյա