fbpx
Խորհրդարան

Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ խոշորացումը համարում են դրական, որոշ համայքներում այն սպասված արդյունքները տվել է, այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, տնտեսական հաշվարկներ: Պապիկյանը նաև նշեց՝ իրականում այդ գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ խոշորացումը երբեմն արհեստական բնույթ է կրել:

Նախարարի խոսքով՝ համայնքների ունակությունների, տնտեսական պոտենցիալի համալրումն ու ճիշտ կառավարումը կարևոր է:

«Նորաշեն համայնքի մասին տեղեկություն առաջին անգամ ստացա, այլ համայնքներից բողոքներ ունենք, բայց նրանց մասին առաջին անգամ եմ իմանում: Հաճախ կենտրոնը, մետրոպոլիան օգտագործում է խոշորացված համայնքի ողջ ներուժը՝ այն ուղղում միայն այդ համայնքի զարգացմանը, այստեղ պետք է ճիշտ վերահսկողություն»,- ասաց նա՝ խոստանալով, որ նշված համայնքը իրենց ուշադրության կենտրոնում կլինի, կայցելեն:

Հարցը բարձրացնող պատգամավորին նա կոչ արեց միանալ իրեն: Պապիկյանը հայտնեց՝ աշնանը կարող է լինել խոշորացման հաջորդ փուլը, եթե հանրությունը տա համաձայնությունը, հարցը հանրաքվեի կդրվի: Նա ընդգծեց՝ պետք է ունենալ պակաս թվով համայնքներ, որ տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրը:

 

Աղբյուրը՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ