Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ արեց գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը:
«Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
1915-16 թվականներին Պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ԱՄՆ-ի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ նախագծված և մանրամասն իրականացված հայերի ծրագրավորված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները և կանխամտածված սպանությունները: Սենատորը մեջբերեց նաև 1913-16 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով տեսած վայրագությունների տպավորության տակ գրել էր. «Վստահ եմ, որ մարդկության տեսակի ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանությունները և հետապնդումները 1915 թվականի հայ ազգի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»:
«Ամերիկյան պաշտոնյաներն, ովքեր ունեին տեղի ունեցածի վստահելի և պարզ գիտակցում, արել են այս հայտարարությունները», – Մենենդեսի խոսքով, ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից թողած Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից է.
«Աշխարհում 27 երկիր արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով»:
Աջակցություն հայտնելով Մենենդեզի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է՝ հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով Ռաֆայել Լիմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը.
«Որպես Ամերիկա, մենք երբեք չպետք է լռենք վայրագություններին ի պատասխան: Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին և համակարգված կերպով սպանվում: Մեր բարոյական պարտքն է ճանաչել այն, ինչ պատահել է 1,5 մլն անմեղ հոգիների հետ: Դա է ճիշտ արարքը»:
Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:
Ռոբերտ Մենենդեսն ի պատասխան հայտնեց, որ գիտակցում է՝ օրենզդիր աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում: Ուստի, պաշտոնապես հայտարարեց սենատորը, երբ բանաձևի դեպ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինքգծի օգտին, Մենենդեսը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում.
«Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում: Կարծում եմ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը և ով ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»: