Մարդկությանը հայտնի միջուկային զենքի քանակությունն անդադար նվազում է, սակայն վախը, որ մի օր երկրներից մեկը կարող է կիրառել ամենաավերիչ զենքը Երկիր մոլորակում, դեռևս պահպանվում է:
Միջուկային զենքի ընդհանուր քանակությունը կրճատվել է՝ 2018 թվականին գրանցված 14 465-ից հասնելով 13 885-ի այս տարվա դրությամբ՝ ըստ Աշխարհում հիմնախնդիրների ուսումնասիրությունների Ստոքհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) 2019 թվականի զեկույցի: Դա ցույց է տալիս, որ, չնայած միջազգային հանրությունն աշխատում է աշխարհում միջուկային ռումբերի կրճատման նպատակին հասնելու ուղղությամբ, լիարժեք ոչնչացումը դեռևս դիտարկվում է երկարաժամկետ հեռանկարում, գրում է Business Insider-ը:
Պարբերականը հիշատակում է աշխարհի 9 պետություններին, որոնք ունեն միջուկային զենք, և 31 երկրներին, որոնք խոստացել են պաշտպանել դրանից:
2017 թվականին ՄԱԿ-ը ներկայացրել է Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիր (TPNW), որն աշխարհում իրավաբանորեն պարտավորեցնող առաջին փաստաթուղթն է, որի նպատակն է միջուկային արսենալի ամբողջական ոչնչացումը: Սակայն այն դեռ ուժի մեջ չի մտել:
2019 թվականի օգոստոսի դրությամբ 25 երկրներ վավերացրել են պայմանագիրը, անհրաժեշտ է ևս 25 վավերացում, որպեսզի այն ուժի մեջ մտնի:
Ռուսաստանն ունի աշխարհում միջուկային զենքի ամենամեծ տեսականին: SIPRI-ի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնություն արսենալում կա ընդհանուր առմամբ միջուկային զենքի 6 490 միավոր:
Հայաստանն ու Բելառուսը ներկայանում են որպես բուֆեր Ռուսաստանի և Եվրոպայի միջև, երկուսն էլ հենվում են ռուսական միջուկային «անձրևանոցի» վրա: Հայաստանը միացել էր TPNW բանակցություններին, սակայն ձեռնպահ էր մնացել քվեարկությունից: Բելառուսը չէր մասնակցել այդ բանակցություններին և նունպես զերծ էր մնացել քվեարկությունից:
Ռուսաստանը նաև ունի միջուկային «տրիադա», այսինքն՝ այն կարող է կիրառել իր միջուկային արսենալը ցամաքում, ծովում և օդում:
ԱՄՆ-ը տիրապետում է աշխարհում մեծությամբ երկրորդ միջուկային արսենալին՝ 6 185 միավոր զենք: Դա միակ պետությունն է, որը կիրառել է միջուկային զենքը 1945 թվականին Հիրոսիմայում և Նագասակիում:
ԱՄՆ-ը համաձայնվել է հեռանկարում կիրառել իր միջուկային զենքը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ինչպես նաև Ճապոնիային, Ավստրալիային և Հարավային Կորեային պաշտպանելու համար: Այդ համաձայնագրի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 29 երկրները և երեք պետությունները, որոնք ունեն երկկողմանի համաձայնագիր ԱՄՆ-ի կողմից պաշտպանության մասին, տեխնիկական առումով խախտում են TPNW-ը:
ԱՄՆ-ը նաև աշխարհում միակ երկիրն է, որը պահում է իր միջուկային զենքն ուրիշ երկրներում: Համարվում է, որ ԱՄՆ-ը պահում է շուրջ 180 միավոր միջուկային զենք այդ երկրներում: Սակայն այդ թիվը զգալիորեն կրճատվել է սառը պատերազմի տարիներից հետո:
Օգոստոսին ԱՄՆ-ը դուրս է եկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին այն խախտելու մեջ:
Ֆրանսիան աշխարհում մեծությամբ երրորդն է միջուկային նյութերի պաշարով՝ 300 միավոր զենք: Այս երկիրը կարող է տեղափոխել իր միջուկային զենքը միայն ինքնաթիռների և սուզանավերի միջոցով:
Dassault Rafale ռեակտիվ կործանիչը կարող է օգտագործել միջուկային հրթիռը մարտագլխիկով, որը 20 անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա գցված ռումբի չափսերը:
Եթե այդ չափսի մարտագլխիկներն ընկնեն Վաշինգտոնի վրա, ապա Nuclear Secrecy-ի հաշվարկով՝ կզոհվի շուրջ 280 000 մարդ:
Չինաստանը, որն ունի 290 միավոր միջուկային զենք, կարծես ուղղում է իր ռեսուրսները դեպի սեփական միջուկային տրիադայի ստեղծումը, նախազգուշացրել է Պենտագոնը 2019 թվականի մայիսին: Սակայն Չինաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ որդեգրել է զենքն առաջինը չկիրառելու քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ կկիրառի իր միջուկային ուժերը միայն ի պատասխան իր դեմ իրականացված միջուկային հարվածի:
Բրիտանիան ունի 200 միավոր միջուկային զենք և կարող է գործի դնել այն միայն «Ավանգարդ» դասի իր չորս սուզանավերից «Թրայդենթ» հրթիռային ծրագրի շնորհիվ:
Այդ երկիրը գործում է՝ ելնելով այն քաղաքականությունից, որի համաձայն՝ չի կիրառի կամ սպառնա իր արսենալի գործադրմամբ ցանկացած պետության դեմ, որը չունի միջուկային զենք՝ համաձայն ՄԱԿ-ի Միջուկային զենք չտարածելու մասին 1970 թվականի պայմանագրի:
Պակիստանն ունի 150-160 միավոր զենք, իսկ հարևան Հնդկաստանը՝ 130-140 հատ: Այս ամառ այդ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է պատմական ցուցանիշի: Միջկոնտինենտալ և ստորջրյա միջուկային հրթիռներ ստեղծելու փորձերը ցույց են տալիս, որ Հնդկաստանը կարող է առաջիկայում ունենալ միջուկային տրիադա:
Իսրայելը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ ունի միջուկային զենք: Միջազգային հանրությունը գործում է՝ ելնելով նրանից, որ դա իրողություն է: SIPRI-ի գնահատմամբ՝ Իսրայելն ունի 80-90 միավոր զենք: 2016 թվականի վերջում Իսրայելն ուներ շուրջ 80 մարտագլխիկ:
Իսրայելի միջուկային ռազմավարությունը կոչվում է amimut, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է անթափանցիկություն կամ երկիմաստություն:
Հյուսիսային Կորեայի արսենալի հստակ ծավալը հայտնի չէ: SIPRI-ի գնահատմամբ՝ այն ունի շուրջ 20-30 միավոր միջուկային զենք:
Աղբյուրը՝ News.am