Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու ընթացակարգին:
«Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,- գրել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։