Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես համաձայնել է Հնդկաստանին վերադարձնել Թամիլ Նադու նահանգի տաճարներից գողացված երեք պատմական արժեքներ։ Վերադարձվող մասունքների թվում են Կարտիկեյա աստվածության վեցգլխանի քանդակը, Նանդիի արձանը և Բհադրակալիի պատկերով ծիսական եռաժանին, որոնք դարեր շարունակ եղել են տեղի տաճարների պաշտամունքային մասը։
Որոշումը կայացվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մելբուռն կատարած այցի շրջանակում։ Այս քայլը տասնամյա հետաքննության արդյունք է, որը ղեկավարել է Թամիլ Նադուի «Idol Wing CID»-ը (կուռքերի գողության դեմ պայքարի բաժին)։ Հետաքննիչները օգտագործել են տաճարային արխիվներ, հին լուսանկարներ և թանգարանային կատալոգներ՝ ապացուցելու համար իրերի ապօրինի արտահանումը, ինչը հիմք է հանդիսացել «Փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի շրջանակում Հնդկաստանի պաշտոնական պահանջի համար։
Քանդակներից Կարտիկեյայինը թվագրվում է Չոլա դինաստիայի շրջանով (մոտ 900 տարեկան) և պատկանում է Մանամբադիի Նագանատասվամի տաճարին։ Նանդիի քանդակը ստեղծվել է 13-16-րդ դարերի միջև՝ Կայլասանատհար տաճարի համար, իսկ ծիսական եռաժանին՝ Շրի Կասիվիսվանատհասվամի տաճարից։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն նշել է, որ այս քայլը վկայում է երկու երկրների միջև սերտ հարաբերությունների մասին։ Հայտնի է, որ որպես պատասխան ժեստ՝ Հնդկաստանը համաձայնել է Ավստրալիային վերադարձնել Չեննայիի պետական թանգարանում պահվող ավստրալիացի բնիկի աճյունը։ Ներկայումս իրականացվում են վերջնական պահպանման և փաստաթղթային ձևակերպման աշխատանքներ՝ նախքան արտեֆակտների վերադարձը հայրենիք։

