Շանհայում տեղի Է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այս մասին հաղորդել Է Associated Press-ը: Ավիակիրը, որն ստացել Է «Ֆուցզյան» անվանումը, լքել Է չոր նավաշինարանը և կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն Է դարձել, որը սարքավորվել Է Էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար:
Նավի լրիվ ջրատարողությունը կազմում է 80 հազար տոննա: Այժմ ավիակիրը պետք Է լրացվի սարքավորումներով, որը պետք Է տևի երկուսից մինչև վեց ամիս: Դրան կհաջորդեն նավի փորձարկումները նավահանգստում և ծովային ընթացային փորձարկումները, որոնք, հավանաբար, կտևեն վեց ամիս՝ նախքան ինժեներներն սկսեն թեստավորել Էլեկտրամագնիսական կատապուլտը: ՉԺՀ-ի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծացրել են ներկայությունը Հնդկական օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, առաջին արտասահմանյան բազան են ստեղծել Ջաբուտիում, որտեղ նաեւ ռազմական ներկայություն ունեն ԱՄՆ-ը և Ճապոնիան:
AP-ն նշում Է, որ ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի նավերը քանակությամբ ամենախոշորն են աշխարհում. դրանք հնարավորություններով զիջում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: Այսպես, ԱՄՆ-ի սպառազինության մեջ կա 11 ավիակրներ, ինն ունիվերսալ դեսանտային նավեր, որոնք կարող են կրել ուղղաթիռներ եւ ուղղահայաց թռիչքի ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է հատկացնում Չինաստանի շուրջ տարածաշրջանին, ներառյալ Հարավ-չինական ծովը, որտեղ ՉԺՀ-ն եւ մի քանի այլ պետություններ տարածքային վեճեր ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: