«Ներկայում մեզ մոտ են 2 հիվանդներ՝ Նկրուլյան Անդրանիկ, այս պահին գտնվում է ստաբիլ վիճակում, նրա մոտ առկա է աջ սրունքի հատվածում պատռված վերք և քերծվածքներ մարմնի տարբեր հատվածներում, այրվածքային վերքեր չկան, մյուս հիվանդը Գրիգորյան Նարեն է, նորմալ վիճակում է, քերծվածքներ են հիմնականում, մնացածը տեղափոխվել են տուն»,- ասել է Արարատի ԲԿ-ի հերթապահ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դուրս գրվածներից միայն մեկի մոտ են եղել ջերմային այրվածքներ՝ մարմնի 5 տոկոսի ընդգրկմամբ, սակայն նրան տուն են ուղարկել, քանի որ զոհվածների թվում է եղել նաև նրա կինը։
«Խփեցինք մի ավտոյի, հետո մեր ավտոյի դեմը վառվավ»,- պատմում է վթարից տուժած փոքրիկ Նարե Գրիգորյանը, որը Արարատի ԲԿ-ում է։ Նա մանրամասնել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Պատմում է, որ բռնկումից հետո վարորդի կողքին նստած ուղևորն արագ անցել է սրահ, ոտքով կոտրել պատուհանն ու դուրս թռել, որից հետո էլ դուրս է նետվել ինքը։
«Մեր գազելն իր ուղիով գնում էր, նայում էի կողք, գլուխս թեքելը, ավտոյի երևալն ու բախվելը մեկ եղավ։ Ձեռքս գցեցի ռուչկից, բացեցի դուռն ու ինձ գցեցի դուրս,-պատմում է Անդրանիկ Նկրուլյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։
Վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը ծանրահեղ ծանր վիճակում է։ Նրան հիմա վիրահատում են։ Հարազատներին ասել են, որ ներքին այրվածքներ ունի՝ նաև թոքերի հատվածում, շնչել չի կարողանում։
Տուժածներն են՝
Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, Իշխանյան Սլավիկ, Գրիգորյան Նարե, Մելոյան Ֆելիքս, Ասլանյան Սլավիկ, Սինանյան Դավիթ։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 12 վիրավոր ենք ունեցել։ Տվյալները ճշտվում են։ Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ մահը վրա է հասել այրվածքների՞ց, թե՞ վնասվածքներից։
Հիշեցնենք, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Զոդի կամրջին։ Նախնական տվյալներով՝ ավտովթարի հետևանքով կա 6 զոհ։
Աղբյուրը՝ shantnews.am