Ընդգծել եմ Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը․ Աղաջանյանի նամակը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին

Ամենադիտվածներ

Քիչ առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աղաջանյանը:

Նամակում Էդուարդ Աղաջանյանը նկարագրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

Գրառման մեջ նաև ասված է.

«Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։

Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»։

Ամենաթարմ