fbpx
Քաղաքականություն

Սամվել Նիկոյանը անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին դժգոհություններ է հայտնել

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյան անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին ասել է.

«Մեր արտաքին քաղաքական հարցում կան թերացումներ. երբ երկրի ղեկավարը հնչեցնում է կարծիքներ, մտքեր, գիտի՝ միայն լրագրողի համա՞ր է։ Նրա հայտնած կարծիքն անմիջապես դառնում է ամբողջ աշխարհի սեփականությունը, քանի որ բոլորն ուշադիր հետևում են, թե ինչ է ասում երկրի ղեկավարը, որը հետագայում պետք է պատասխան տա իր արտահայտած մտքերի և գաղափարների համար»

Նրա խոսքով՝ այս հարցում պետք է բոլորի համար պարզ լինի, որ խախտվել է ընթացակարգ, քանի որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ունի պաշտպանվածություն՝ նա միայն ՀՀ-ի ներկայացուցիչը կամ քաղաքացին չէ դրսի կառույցում, այլ ՀԱՊԿ անդամ բոլորի երկրների ղեկավարն է այդ կառույցում։

Սամվել Նիկոյանի բնորոշմամբ, Հայաստանն իր չմտածված ու էյֆորիկ վիճակով պայմանավորված քայլեր կաստարեց, որն արտաքին հարաբերություններում և միջազգային հարցերում ունեցավ միայն բացասական հետևանք։

«Եթե քարոզչությամբ կարողանում են իրենց ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել և դարձնել կառավարելի, սա լա՞վ է, թե՞ վատ, պատմությունը ցույց կտա, ապա արտաքին քաղաքականության մեջ չեն կարող նման բան անել: ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելը նման դեպքերից մեկն է։ Այստեղ խնդիրն այն չէ՝ այդ պաշտոնը պահե՞նք, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ Հայաստանը դրանով վարկաբեկվեց։ Ուզենք թե ոչ, բայց մենք չմտածված քայլերով վարկաբեկեցինք ՀԱՊԿ ռազմական կառույցը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե նմանատիպ վերաբերմունք հանկարծ լիներ այլ կառույցի նկատմամբ, օրինակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի։ Յուրաքանչյուր պարագայում Հայաստանը պետք է ցույց տա իր հուսալի և կանխատեսելի գործընկեր լինելու հանգամանքը։ Կարծում եմ, որպես պետություն՝ այլևս մեզ լուրջ գործընկեր չեն համարում»,- շեշտեց Ս. Նիկոյանը։

Ըստ նրա, ՀՀ իշխանությունների ներքին լսարանի համար արտահայտած մտքերը կարող են վնասել պետությանը, նման քայլերի արդյունք էր նաև Սիրիա զորամիավորում ուղարկելը, որը, Ս. Նիկոյանի խոսքով՝ լուրջ լարվածություն առաջ բերեց ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից.

«Հիշո՞ւմ եք, հեռանալուց առաջ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն ինչ ասաց Արցախի հարցի հետ կապված, պատահակա՞ն էր, ո՛չ: Ես սա կապում եմ Սիրիա զորամիավորում ուղարկելու հետ»,- ընդգծեց Ս. Նիկոյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 2-ին։ Մինչև նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Վալերի Սեմերիկովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կընդունվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ։

 

Աղբյուր՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ