Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Միշելի գրասենյակ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ-ում առկա իրավիճակի, Աղդամով հումանիտար բեռի մուտքի վերաբերյալ:

Ըստ հայտարարության՝ Միշելը շարունակում է առաջնային ուշադրություն դարձնել լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի մարդասիրական իրավիճակին:

«2023թ․ սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին»,-ասվում է հրապարակման մեջ և նշվում, որ Միշելը սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Նշվում է նաև Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ ԵԽ նախագահի գրասենյակի և Հարավային Կովկասում ԵՄ հարցերով ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխգործակցությամբ իրականացվող ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն:

«Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։

Աղդամ (Ակնա)-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղինգործարկվի:

Այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել. այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:

Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնությւոնների և ՄՔԴ հրամանի»,-ասվում է Միշելի գրասենյակի հայտարարության մեջ։

Ամենաթարմ