Երևան
10:53 29/07/2021

Քաղաքապետ Մարությանն այց է կատարել Երևանի բարեկարգվող այգիներ

Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հեկտար տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևիցե չէր հիմնանորոգվել, այժմ մեծածավալ աշխատանքներ ենք սկսել: Մինչ աշխատանքներին անցնելը, կցանկանայի նշել, որ մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ վերադարձնենք համայնքին ու սկսենք այս շինարարությունը: Աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով», – ընդգծել է քաղաքապետը:

Նշվում է, որ համալիր բարեկարգմամբ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող ԼԷԴ լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:

Քանաքեռ ՀԷԿ թաղամասի զբոսայգում բարեկարգման ծրագիրն արդեն ավարտական փուլում է:

Զբոսայգու ընդարձակ կանաչ գոտին ոռոգելու նպատակով կառուցվել է հատուկ ջրավազան և անցկացվել ճնշումային ոռոգման համակարգ: Բարեկարգվել են ճեմուղիները, կառուցվել են թեքահարթակներ, համերգային հարթակ, ավազածածկ խաղահրապարակ, հանգստի գոտին ապահովվել է ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ: Իհարկե, նաեւ նոր ծառեր են տնկվել:

Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը նաև մի շարք դիտարկումներ արեց:

«Կան աշխատանքներ, որոնք պետք է շտկվեն: Այդ բոլոր դիտողություններն արել եմ և վարչական շրջանին, և մեր կանաչապատման կազմակերպությանը, և շինբարեկարգման վարչությանը: Իրենք այդ ուղղությամբ կաշխատեն, որ վերջնական՝ 100 տոկոսով հանձնենք մեր բնակչությանը: Ընդհանուր առմամբ գոհ եմ, բավականին մեծ տարածք է և արդեն մարդիկ իրենց հանգիստն են վայելում այստեղ», – ասել է Մարությանը:

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ևս բարեկարգման փուլի վերջին շտկումներն են: Հանգստի այս գոտու նորոգումը հնարավոր դարձավ «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ, երբ այն դարձավ հաղթող նախագծերից մեկը:

Նշվում է նաև, որ շուտով բնակիչների տնօրինմանը կհանձնվի ևս մեկ նոր հանգստի գոտի. Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այն լինելու է Օղակաձև զբոսայգու տարածքում: Այս նախագծին զուգահեռ՝ քաղաքապետարանը նախաձեռնեց նաև զբոսայգու ամբողջ 6-րդ հատվածի բարեկարգումը, որը ևս ավարտական փուլում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ