fbpx
Խորհրդարան

Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Սյունիք, հանդիպել Արցախից տեղահանվածների հետ

Հայաստանում գտնվող խորհրդարանական Մեծ Բրիտանիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Սյունիք։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4.000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից և Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 2-ին այցելել են Սյունիք:

Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գորիսի համայնքապետարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը կոնկրետ դեպքերի վերաբերյալ:

«Լսեցինք պատերազմի բովով անցած այդ մարդկանց պատմությունները: Նրանց ուղերձները, նրանց ձայնը ցանկանում ենք տանել մեզ հետ խորհրդարան և ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում աշխարհի այս հատվածում»,-ասել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ նշել է.

«1991թ. առաջին պատերազմից սկսած՝ ես ձեր կողքին եմ եղել: Տեսել եմ ձեզ հետ այն ողբերգություններն ու սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում: Տեսել եմ, թե պատերազմում ինչպիսի հանցագործություններ են կատարվել Ադրբեջանի կողմից: Մենք գիտենք, որ դուք շատ եք տառապել: Միշտ հիացել եմ հայ ժողովրդով, դուք ամեն անգամ վերածնվում եք մոխիրների միջից: Դուք միշտ կլինեք իմ սրտում ու աղոթքներում: Ես ձեր կողքին եմ»:

Կողմերը համոզված են, որ բարեկամական խմբի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա բազմակողմ հարթակներում համապարփակ համագործակցության ընդլայնման համար», – ասված է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ