«ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի հեռանա ակումբից տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «Բարսելոնան» այլևս առաջարկ չի անի 27-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու համար։ Նեյմարն ինքն էլ հայտնել է ՊՍԺ-ի իր խաղընկերներին, որ մնում է ակումբում։ Այսպիսով, ոչ մի գործարք այսօր կողմերի միջև տեղի չի ունենա, ու Նեյմարը կմնա ՊՍԺ-ում։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկին Նեյմարը հայտնել էր, որ երջանիկ չէ ՊՍԺ-ում և ուզում է վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը մեծ ջանքեր գործադրեց բրազիլացուն հետ բերելու համար, սակայն բանակցությունները, փաստորեն, արդյունք չտվեցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ կարգավորվել են, և հնարավոր է, որ նա մնա թիմում։