Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես սիրում եմ ուղիղ խոսել ու ասել այն, ինչ-որ մտածում եմ: Ասվածի համատեքստում, եթե այս պահին իմ մտահոգություններով չկիսվեմ, ապա հետագայում ինքս ինձ չեմ ների և բարոյական իրավունք չեմ ունենա խոսել ու գրել մարդու իրավունքների մասին:
Եվ այսպես, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումն ու առաջադրված մեղադրանքներն ինձ համար խնդրահարույց են, ավելին՝ կարծում եմ, որ դա լուրջ խնդիր է հենց մեր պետության համար: Փաստը մնում է փաստ, որ այս խնդիրը ծագել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության և անմիտ վարքագծի պատճառով: Նա առաջինն է անհարգալից վերաբերմունք ցույց տվել դատավորների նկատմամբ՝ նշելով, թե վերջիններս պատերի տակ վնգստում են: Փաստորեն, քաղաքացիները կրկնել են վարչապետի խոսքերը: Մի՞թե վարչապետին կարելի է վիրավորել դատավորներին, իսկ՝ քաղաքացիներին ոչ: Որտե՞ղ է գրված այդ մասին:
Եթե խնդիրը իրավական պարադիգմայից դուրս նայենք, ապա, վստահաբար, գործ ունենք սադրանքի հետ: Քոչարյանի կողմնակիցները կանխամտածված կերպով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատավորի նկատմամբ՝ շատ լավ իմանալով, որ հենց այդ նույն թեմայով հնարավոր է փակուղի մտցնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս էլ արել է գրեթե նույն բանը: Հիմա ո՞վ է մեղավոր սադրանք կազմակերպո՞ղը, թե՞՝ սադրանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծողը: Ինձ համար առաջնային մեղավորը հենց վարչապետն է, քանի որ նա իր չմտածված քայլերով սադրանքի առիթ է տվել՝ վտանգելով մեր բոլորի պայքարն ու հեղափոխության նվաճումները: Սրա հետևանքով արժեզրկվում է նաև դատական համակարգում ռեֆորմներ իրականացնելու գործընթացը, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
Որքան էլ, որ իրավիճակը փակուղային թվա, բայց ես, այնուամենայնիվ, ելք տեսնում եմ: Առաջին հերթին պետք է փոխվեն Մութաֆյանի և Օհանջանյանի խափանման միջոցները, իսկ հետո պետք է կարմիր գիծ քաշվի՝ պայմանագրականության սկզբունքով պարտավորվելով, որ այլևս երբեք չենք փորձելու անցնել դատարանների վրայով, որքան էլ, որ դա անհրաժեշտ լինի: Դատական համակարգում ռեֆորմները պետք է կյանքի կոչվեն միայն օրինականության շրջանակներում և այստեղ իր վճռական խոսքը պետք է ասի խորհրդարանը:
Ի դեպ՝ ես չեմ կարծում, թե Մութաֆյանն ու Օհանջանյանը քաղբանտարկյալներ են, ավելին՝ սա անհիմն պնդում է: Պարզապես գործ ունենք անհամաչափ և ընտրովի մոտեցման հետ, ինչը դատապարտելի է»:
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/2464676963626317
