Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզն այսօր կամ վաղը կհրապարակվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա ասաց, որ այսօր դատական օրենսգրքում և հարակից օրենքում փոփոխությունների փաթեթն ու լրացումներն ավարտում են.
«Լրամշակված տարբերակի թարգմանությունը կապահովենք և կուղարկենք Վենետիկի հանձնաժողով, որովհետև մայիսին նախապես այդպիսի պայմանավորվածություն է եղել»։
Նախարարն ասաց, որ դատական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քննադատություններին հետևել է, և այդ մասով հնարավոր են որոշակի փոփոխություններ.
«Իհարկե, հետևել ենք քննադատություններին, այնտեղ նույն ձևակերպման մեջ տեխնիկական վրիպակ կա աշխատավարձ և կենսաթոշակ տերմինների հետ կապված, դա կշտկենք, բայց գաղափարից չենք հրաժարվի, քանի որ գաղափարը նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված է»։