fbpx
Առողջապահություն

Այսպօր Լսողության պահպանման միջազգային օրն է

Յուրաքանչյուր տարի մարտի 3-ին նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը, որը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության խնդիր:

Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ը պայմանավորված է կանխարգելելի պատճառներով, օրինակ`

  • Վարակներ` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի խրոնիկ օտիտ (31%)
  • Պտղի ասֆիքսիա ծնվելիս, անհասություն, ծնվելիս ցածր քաշ, դեղնուկ, ծննդաբերական բարություններ (17%)
  • Օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%)
  • Այլ (8%):

Կանխարգելիչ միջոցառումներն են. երեխաների իմունիզացիա կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի նկատմամբ, վերարտադրողական տարիքի աղջիկների ու կանանց պատվաստումը կարմրախտի հանդեպ մինչ հղիությունը, ականջի համապատասխան խնամքի պահպանում, բարձր աղմուկի ազդեզության նվազեցում, միջին ականջի օտիտի սկրինինգ և համապատասխան վարում, նորածնային սկրինինգ և այլ:

Խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումն այն հիմնական գործոններն են, որոնք նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:

Հայաստանում 2008 թվականից իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, իսկ 2018 թվականից կատարվում է հանրապետության ամբողջ տարածքում: Նախորդ տարի իրականացվել է 32569 նորածնի հետազոտություն, 24-ի մոտ հայտնաբերվել է լսողական խնդիր. 9 երեխայի կատարվել է ականջի խխունջի պատվաստման վիրահատություն, իսկ 15-ին տրամադրվել է լսողական սարք:

Ներկայումս առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշակում է «Ականջի և լսողության խնամքի» ազգային ծրագիր` 2021-2025 թվականների համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ