Ազատ Դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին` Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հարգարժան պարոն Հարությունյան,
Շնորհավորում ենք Ձեզ, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Այս բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում, կազմակերպելով բարձր մակարդակի համապետական ընտրություններ, Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա խարսխված ամուր պետականություն կառուցելու գործին:
Համոզված ենք, որ ժողովրդի վստահության քվեն Ձեզ հնարավորություն կտա աշխատելու ի նպաստ Արցախի անվտանգության ամրապնդման, երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի, ի բարօրություն Արցախի ժողովրդի:
Լիահույս ենք, որ ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն իրենց համարժեք արձագանքը կստանան նաև միջազգային հանրության կողմից՝ վերահաստատելով Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին համայն հայության, Արցախի և Հայաստանի գործադրած միասնական ջանքերը:
Պարոն Նախագահ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ, Արցախի քաղաքացիներին և համայն հայությանը, մաղթելով ուժ ու միասնականություն, քաջառողջություն ու խաղաղություն: