Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը, ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, այս անգամ թիրախավորել է Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ Գյուղի լուսանկարը, որը հրապարակվել է փետրվարի 4-ին, վկայում է բնակավայրի գրեթե լիակատար ավերման մասին։
Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման լուրջ վտանգի տակ։ Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրության կոչերը, շարունակում է իր քաղաքականությունը, որը միտված է հայկական հետքը ամբողջությամբ ջնջելու Արցախի տարածքից։
Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Միջազգային հանրությունը բազմիցս մատնանշել է այս վանդալիզմի փաստը, սակայն Ադրբեջանը շարունակում է իր քայքայիչ գործողությունները։
Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, ինչը կարևոր հիմք է հանդիսանում ադրբեջանական ցեղասպան պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար։
Այս հարցը մշտապես գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և միջազգային կազմակերպությունները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
