fbpx
Մշակույթ

Ազգային կինոկենտրոնի տնօրենն ու հացադուլ հայտարարած կինոռեժիսորը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

Ընդդեմ Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության» խորագրով պաստառով դեկտեմբերի 3-ից Մատենադարանի մոտ վրան է տեղադրված․ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ազգային կինոկենտրոնի վարած քաղաքականության:

Գալստյանը պնդում է, որ կինոկենտրոնն այս տարի մերժել է ֆինանսավորել իր անավարտ ֆիլմերը: Մասնավորապես, այս տարի պիտի ֆինանսավորվեր «Տատիկիս վարսերը» խորագրով հայ-գերմանա-բուլղարական ֆիլմը, որն արդեն իսկ ֆինանսավորվել է 23 միլիոն դրամով վերջին երկու տարիների ընթացքում, բայց ավարտին հասցնելու և միջազգային պայմանավորվածություններն ամբողջովին կատարելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 50 մլն դրամից ավելի գումար:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչով է պայմանավորված իր այս ծայրահեղ քայլը, Հովհաննես Գալստյանն արձագանքեց․ – «Արդեն տարիուկես ա Մշակույթի նախարարությունը, Ազգային կինոկենտրոնը ուղղակի հետևողական պայքար են տանում՝ մեր ֆիլմը ոչնչացնելու, մեր ֆիլմը փակելու: Կինոկենտրոնը մեզ տվել ա երաշխավորություն, որ կֆինանսավորի ֆիլմը 2016-17-18 թվերին՝ 88 միլիոն դրամ: 16 թվականին տվել են 8 միլիոնը, հետո պիտի տային 23 միլիոն 17 թվականին, բայց Ամիրյանը 5 միլիոնը հետ էր խնդրել Կաննի համար, որը չվերադարձրեց ինձ․․․ Էդ 5 միլիոնի նկարահանումները անելու համար ես իմ տունը գրավ եմ դրել, վերցրել եմ գումարը, նկարել եմ: Իմ պարտավորությունը արել եմ, որպեսզի 18 թվին էլ վերջացնենք նկարահանումները, գնամ Բուլղարիա: Հանձնաժողովը որոշել ա, որ մենք ունենք չկատարած պարտավորություն, [մինչդեռ] էդ ֆիլմին կինոկենտրոնը ինքն ա պարտք․․․ Էդ բոլոր թղթերը իմ մոտ են»:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իր հերթին, այսօր հրավիրած ասուլիսին ոչ միայն պնդեց, որ Կինոկենտրոնի վերջին տասնամյակների գործունեության փաստաթղթերի ամբողջական փաթեթն է իր մոտ, այլև հավաստիացրեց, որ այդ փաստաթղթերով այժմ դատախազությունն է զբաղվում և ի վերջո կվերհանի այն ողջ կոռուպցիոն շղթան, որ գործել է Ազգային կինոկենտրոնում մինչև իր պաշտոնավարումը․ – «Ուզում եմ բոլորը իմանան, որ էս իրավիճակը, որ էսօր ստեղծվել ա, որ պարոն Գալստյանը հայնտվել ա էս վիճակում, սա հետևանք ա կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Պարալլելս Պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գալստյանի անպատասխանատու և անբարեխիղճ՝ դա շատ մեղմ ասած, կատարած աշխատանքի: Ես ստացել եմ մի հատ խայտառակ ժառանգություն, ֆինանսական ահավոր խախտումներով մի կառույց, այդ թվում և Հովհաննես Գալստյանի հետ կապված տարբեր հարցեր: Երբ որ ես ընդունել եմ կառույցը, ունեցել եմ ահավոր պակասորդներ ֆինանսական՝ մեծ թիվ, էսօր կինոկենտրոնը մի տարվա մեջ ունի արդեն տնտեսում: Որովհետև ես ուղղակի չեմ վատնել գումարները, ես արել եմ շատ բարեխիղճ աշխատանք ու ոչ մի կոռուպցիան սխեմաների մեջ չեմ մտել Հովհաննես Գալստյանի հետ, որ արվել ա նախկինում: Էսօր դատախազությունը նայում ա փաստաթղթերը՝ սկսած 2010 թվականից․․․ Եվ սա մի հատ մեծ կծիկ ա, որ պետք ա բացվի: Այո, ոնց որ Հովհաննես Գալստյանն ա հայտարարում, 30 տարի կոռուպցիա ա եղել կինոկենտրոնում, բայց նա մոռանում ա, թե ով ա տնօրինել կինոկենտրոնը էդ ժամանակ, ում հետ են իրենք աշխատել, և շատ հարմարված են աշխատել: Եվ ոչ ոք էն ժամանակ չի բողոքել, բոլորին ձեռք ա տվել»:

Ինչ վերաբերվում է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին, ապա, ըստ Շուշանիկ Միրզախանյանի, տարբեր տարիների նրան մեծ գումարներ են տրամադրվել Ազգային կինոկենտրոնի կողմից, բայց ֆիլմերն այդպես էլ դեռ չկան:

Հովհաննես Գալստյանը, որն այսօր եկել էր մասնակցելու ասուլիսին, պնդում էր, որ ֆիլմերը չկան, որովհետև Ազգային կինոկենտրոնն այդպես էլ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորվածությունները՝ ամբողջովին չի վճարել իր ֆիլմերին հատկացվող գումարները: 93 մլն դրամ ստացել է «Թողություն» ֆիլմի համար, բայց պիտի ստանար 150 մլն, որպեսզի կարողանար ավարտել ֆիլմը, որը սկսել է նկարահանել 2010 թվականից․ – «Մենք աշխատում ենք «Թողություն» ֆիլմի վրա: Մինչև էսօր: Դա իմ համար չափազանց կարևոր ֆիլմ ա, որովհետև «Թողություն» ֆիլմը էն մասին ա, թե ոնց են արվեստագետին սպանում․․․ Դա իմ կյանքի ամենակարևոր ֆիլմն ա»:

Խաչատրյանը երեկ այցելել էր հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին․ – «Հովհաննես Գալստյանը, իր բարդ բնավորությամբ հանդերձ, շնորհալիներից մեկն է: Իմ համար մեծ ցավ է, որ տեսնում եմ նրան այդ վիճակում: Իրավական դաշտի հարց է սա: Էմոցիաներով հիմա ոչինչ չես անի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ