fbpx
Տնտեսություն

Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: «Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չեն հանգել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչև բանակցություններն ավարտվեն:

«Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենա»,- ասաց նա:

Հարցին, թե հունվարից հետո գազի գինը կպահպանվի՞, թե կթանկանա, նախարարը պատասխանեց․ «Այո՛, կպահպանվի: Քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է»: Հետո նա նորից ընդգծեց՝ հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում:

Իսկ հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում գազի սակագնի հետ կապված պայմանավորվածություններ եղել են, նա պատասխանեց․«Զրույց եղել է, բայց մանրամասները չեմ նշում»: Ըստ նախարարի՝ զրուցը եղել է ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ են խոսել:

«Ցանկացած պահի, երբ գան սակագնի հետ կապված համաձայնության, օրենսդրությունը թույլ է տալիս գնի վերանայում»,- ասաց նա: Իսկ հարցին, թե ինչ գնի շուրջ են բանակցությունները, նա պատասխանեց․ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք ԵԱՏՄ-ում չի բարձրացվում հարցը, որ եթե ՀՀ սահմանում գազն արժե 150 դոլար, իսկ օրինակ, Սմոլենսկի նահանգում՝ 70, Բելառուսի սահմանում՝ 130 դոլար, այդ պայմաններում ինչպե՞ս պետք է մրցեն նույն Մաքսային միության շուկայում գտնվող երկրները:

«Եթե հետևում եք ԵԱՏՄ նիստերին, նկատած կլինեք, որ հիմա քննարկվում է ընդհանուր գազամատակարարման շուկա ստեղծելու հարցը: Ընդհանուր շուկայում լինելու են ոչ խտրական մոտեցումներ բոլոր մասնակիցների նկատմամբ»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ