Քաղաքականություն

Կապանում բացվել է Իրանի հյուպատոսություն

Այսօր նշանակալի օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում:

Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»,- ասաց Միրզոյանը:

Նա վստահություն հայտնեց, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ