Հունիսի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ կրակոցներ է եղել։
Օպերատիվ խումբը նշված հասցե մեկնեց: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացան Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվեց, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ էր արձակել՝ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: