Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ:
«Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ: Կարծում եմ, որ Ձեր նշանակումը մեր բարեկամ երկրների համար նաև խորհրդանշական է, և մոտ ապագայում շատ առիթներ կլինեն արդեն գործնական հանդիպումների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին: Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես և հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և առաջընթացի փուլ կմտնեն:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով բարեկամության խմբերի դերակատարումը:
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը բարի երթ է մաղթել Սիրիայի դեսպանին դիվանագիտական առաքելության գործում՝ հավելելով, որ պատրաստ է աջակցել նրա ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)