Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Վարչապետ Փաշինյանը Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
- Նիկոլ Փաշինյանն այցելել է Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն
- Փաշինյանը և Կատարի Էմիրը քննարկել են համագործակցության վերաբերող հարցեր
Հայր Էմիրը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ընդգծել, որ շարունակելու է առավել ջանքեր գործադրել` նպաստելու երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:
Վարչապետ Փաշինյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է ինտենսիվ կապերի պահպանումը` հայ-կատարական համագործակցությունն առավել բազմակողմ դարձնելու նպատակով:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: