2019 թվականի վերջին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՄՆ-ում գործող Փարոս բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Պիտեր Աբաջյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երեխաներին սպասարկող առաջնային օղակի բուժաշխատողներին տրամադրվել են մանկական պուլսօքսիմետրեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում սուր շնչառական վարակներով երեխաների վաղ ախտորոշումը և վարումը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Մասնավորապես, վաղ մանկական հասակում սուր շնչական վարակները հիվանդացության և մահացության առաջատար պատճառներից են, իսկ պուլսօքսիմետրիան արյան հեմոգլոբինի թթվածնով հագեցվածության որոշման համար ոչ ինվազիվ և անցավ մեթոդ է, որը ցույց է տալիս նաև սրտի զարկերի հաճախականությունը: Տվյալ ցուցանիշները հարկավոր են երեխայի ընդհանուր վիճակի ճիշտ և արագ գնահատման համար:
Պուլսօքսիմետրի օգնությամբ հնարավոր է շատ արագ հայտնաբերել երեխայի վիճակի անգամ չնչին փոփոխությունները, և դրանց կիրառումը հնարավորություն կտա ԱԱՊ համակարգում ներգրավված մանկաբույժներին հնարավորինս վաղ ախտորոշել երեխայի մոտ շնչառական անբավարարության զարգացումը:
Այսպիսով, օրեր առաջ բարերարներ Գեննեթ և Սինթիա Նորյանների ֆինանսական աջակցությամբ գնված 180 պուլսօքսիմետրը բաշխվել են մարզային պոլիկլինիկաների, մեծաթիվ բնակչություն ունեցող գյուղերի և սահմանապահ բնակավայրերի ամբուլատորիաների բժիշներին, ինչպես նաև COVID-19 վարակով հաստատված երեխաների բուժում իրականացնող հաստատությունների մանկաբույժներին: