fbpx
Աշխարհ

Բայդենն ու Մաքարթին չեն կարողացել համաձայնության հասնել պետական պարտքի վերին շեմի հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքարթին նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության հասնել պետական պարտքի վերին շեմի հարցում՝ հայտնել է Reuters գործակալությունը:

Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգներն իր պետական պարտքի դեֆոլտ հայտարարի, դա մեծ հարված կլինի ամերիկացի ժողովրդի և ամբողջ աշխարհի տնտեսական բարեկեցությանը: Նախագահը կարծիք է հայտնել, որ պետք է կրճատել ծախսերը, հավելել, որ չնայած Մաքարթիի հետ ունեցած տարաձայնություններին՝ լավատեսորեն է տրամադրված։

Վերջինս Բայդենի հետ հանդիպումը գնահատել է արդյունավետ, կարծիք հայտնել, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության հասնել: «Կարծում եմ՝ երկուսս էլ ցանկանում ենք պայմանավորվածության հասնել։ Երկուսս էլ համաձայն ենք, որ կան ոլորտներ, որոնց շուրջ տարաձայնություններ կան։ Բայց, կարծում եմ, հանդիպումն արդյունավետ էր։ Կար պրոֆեսիոնալություն, ազնվություն միմյանց հանդեպ և ընդհանուր եզրեր գտնելու ցանկություն»,- նշել է Մաքարթին։

Ավելի վաղ նա Բայդենին մեղադրել էր վերահաս ճգնաժամն անտեսելու համար։ Բայդենը և դեմոկրատները Կոնգրեսին կոչ են անում բարձրացնել պետական պարտքի շեմը՝ առանց որևէ պայմանի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականները հրաժարվում են հաստատել բարձրացումը՝ առանց բյուջետային ծախսերի կրճատման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ