Քեմբրիջշիրի ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 18-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, կանչ է ստացվել Johnsons of Old Hurst կենդանաբանական այգուց՝ 3-ամյա երեխայի՝ կոկորդիլոսների վանդակում հայտնվելու վերաբերյալ։ Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։
Իրավապահ մարմինները ձերբակալել են Նորֆոլկի 30-ամյա մի բնակչի՝ սպանության փորձի կասկածանքով։ Քեմբրիջշիրի ոստիկանության դետեկտիվ-տեսուչ Վերիթի Մաքքենը հայտարարել է, որ ոստիկանությունը հարցաքննում է միջադեպի ականատեսներին՝ պարզելու համար, թե ինչպես է երեխան հայտնվել վանդակում։
Ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ ձերբակալված տղամարդը և երեխան միմյանց չեն ճանաչել։ Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության բրիգադներն ու օդային ռեանիմացիոն ծառայությունը։ Ընտանիքին այժմ ցուցաբերվում է հոգեբանական և մասնագիտական աջակցություն։
Տեղական պատգամավոր Բեն Օբեսե-Ջեքթին սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնել ընտանիքին՝ կոչ անելով հանրությանը զերծ մնալ չհիմնավորված ենթադրություններից։ Johnsons of Old Hurst-ը, որը հայտնի է որպես ընտանեկան ֆերմա և կենդանաբանական այգի, դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ։ Ոստիկանական հետաքննությունը շարունակվում է։

