fbpx
Արցախ

Պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում․ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը

Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել հունիսի 21-ի հանրահավաքում, որի ժամանակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում իմ ու մասնակիցների միջև:

Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ:

Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց», – գրել է Բեգլարյանը:

Նա ավելացրել է նաև, որ ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում է ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Բեգլարյանը նշում է, որ, ինչպես միշտ, ինքը լիովին պատրաստ է իր կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ