Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին, հայտնում է БЕЛТА-ն:
Նա պարզաբանել է նաև, որ «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը Բելառուսը հրավիրել է և′ հայերին, և′ ադրբեջանցիներին, և′ ռուսներին: Նրանք հնարավորություն են ունեցել համոզվել, որ դա իսկապես գերճշգրիտ զենք է:
«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, որը վերցրել ենք այդ նպատակով: Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Հայերին նույնպես առաջարկել եմ նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդերը», որը ցուցադրել են շքերթի ժամանակ», – ասել է Լուկաշենկոն:
Ըստ նրա, ադրբեջանցիների խնդրանքով մինչև շքերթը նրանց համար պատրաստվել է համալիրը:
«Գուցե իմ մեղքն այն է, որ ես փորձել եմ հասցնել պատրաստել այդ համալիրը մինչև շքերթի անցկացումը: Բայց չէ՞ որ ես առաջարկել եմ նաև հայերին, և նրանք ասել են՝ պետք չէ», – նշել է Լուկաշենկոն:
Միաժամանակ նա հայտնել է, որ անկախ ամեն ինչից` լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին:
