Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը կարծում է, որ Բելառուսում ռուսական ռազմաբազայի տեղակայումը քաղաքական կամ ռազմական նշանակություն չունի: Այս մասին դիվանագետը ասել է RBC-ին տված հարցազրույցում:
«Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը՝ դա անիմաստ է: Ինչու՞ տեղակայել Բելառուսի տարածքում ռազմաօդային բազա, եթե այսօր հրթիռները կարող են բառացիորեն հաշված րոպեների ընթացքում հասնել մեր մոլորակի հակառակ կողմում գտնվող մեկ այլ մայրցամաք: Եթե Բելառուսն իր տարածքում տեղակայի ինչ որ լրացուցիչ ռազմական օբյեկտներ, ես չեմ կարծում, որ դա կնպաստի մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Մաքեյը:
Նախարարը նաև հերքել է այն ենթադրությունը, որ նման որոշման վրա կարող էր ազդել եվրոպական հարևանների դիրքորոշումը:
Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր պատասխան արձագանքով, եթե Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայվի:
