Բելգիական Նամյուր քաղաքի իշխանությունները փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցրել: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով RTBF-ին:
Պարբերականի համաձայն, նման միջոցներ են ձեռնարկվել կենդանիների չվերահսկվող բազմացումը կանխելու համար:
Նշվում է, որ չնայած կատուների զանգվածային ստերիլիզացմանը, քաղաքաբնակների կողմից կենդանիներին կերակրելը նպաստում է դրանց չվերահսկվող բազմացմանը:
Այս միտումը սահմանափակելու համար քաղաքը խիստ կանոնակարգ է սահմանել: Այժմ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է փողոցում կերակրել կատուներին, պետք է քաղաքային իշխանություններից հատուկ թույլտվություն ստանա՝ այսպես կոչված կերակրման քարտ:
Նման քարտի սեփականատերը պարտավորվում է հետևել մի շարք կանոնների: Դրանց թվում է կատուներին նորմալ սնունդ տալը և ոչ թե սննդի մնացորդներ և ոսկորներ: Քարտատերը չպետք է կատվի համար նախատեսված սնունդը ուղղակիորեն գետնին դնի: Պարտավորությունների մեջ է մտնում նաև կենդանիներին նախատեսված ժամանակահատվածում կերակրելը:
Կանոններին չհետևելու դեպքում անձը կզրկվի կերակրման քարտից: