Մայիսի 29-ին ԱԺ հերթական նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը:
Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, Ծառուկյանը պատասխանել է. «Հիմա ում ինչի և ում հետ հարմար ա, կապում են: Հիմա ամեն մարդ իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու, օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:
Քոչարյանի կողմից նախկինում Ծառուկյանի բիզնեսին ուղղված աջակցությանը Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, որ իր բիզնեսի ծաղկմանը ոչ մեկ չի աջակցել, ոչ մեկի առաջ չունի պարտավորություն:
«Ռոբերտ Քոչարյանի հետ ո´չ հանդիպել է, ո´չ զանգել: Իսկ 2-րդ նախագահի ազատ արձակման մասին ասելիք չունի՝ եթե օրենքով այդպես է, ուրեմն ճիշտը դա է», – հավելել է նա: