Խորհրդարան

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020թ պետական բյուջեի նախագծին

Նոյեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դալլաքյանն ու Արթուր Գրիգորյանն անդրադարձել են Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:

Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունն ԱԺ լիագումար նիստում դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին՝ նշելով, որ այն չի կարող սպասարկել պետության ու ժողովրդի շահը: Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը գալիք տարվա պետական բյուջեն ամենևին հեղափոխական չի համարում և այն անվանել է «տնտեսական հեղափոխությունը չսպասարկող» բյուջե: «Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասել է Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ համախառն ներքին արդյունքը 4,9 տոկոս է, մինչդեռ նախորդ տարիներին նվազագույն տոկոսը սահմանվում էր 5-7 տոկոս: Այս ցուցանիշը պատգամավորը համարել է հետնահանջ:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է պետական բյուջեում ներառված ծրագրերի և միջոցառումների տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված այլ ծախսերին, որոնք, ըստ նրա, չունեն հիմնավորվածություն, թափանցիկ և արժանահավատ չեն:

Արթուր Գրիգորյանը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական ոլորտի և մասնավորապես՝ զբաղվածության ծրագրերին: Պատգամավորի խոսքով՝ պետական քաղաքականությունը պետք է միտված լինի աղքատության վերացմանը:

Արթուր Դալլաքյանն անդրադարձել է սպասարկման ոլորտի խնդիրներին: Խոսելով տրանսպորտի բնագավառի հատկացումների մասին՝ նա շատ ցուցանիշներ համարել է հեքիաթի ժանրից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ