Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պաշտպանել է Չինաստանին՝ պնդելով` «Չինաստանը շատ բան է արել կորոնավիրուսի համավարակի սկզբում»: Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Չինաստանը համավարակի բռնկման հենց սկզբում շատ բան է արել։ Նրանք, իհարկե, կարող են հետ նայել ու մատնանշել իրենց բացթողումները»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիրը։
Զուգահեռաբար նա նշում է, որ ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները, մյուս պետությունների համեմատ, «անհամեմատ վատն են»:
«Որոշ երկրներ շատ արագ արձագանքեցին և անցկացրին իրենց թեստավորումները՝ այդպիսով խուսափելով հսկայական տնտեսական կորուստներից։ Ցավալի է, որ ԱՄՆ-ն, որն, ինչպես ենթադրվում էր, կազմակերպված կգործի, անհամեմատ վատ գործեց։ Բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»,- նշել է Գեյթսը։
Նրա խոսքով՝ այժմ ժամանակն է պատվաստանյութ ստեղծելու և նվազագույնի հասցնելու միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի մասին դրական արտահայտվելով՝ հավելել է. «Հետադարձ հայացք նետելով մենք կհասկանանք, որ ինչ-որ բաներ կարող էինք ավելի լավ անել, ինչպես յուրաքանչյուր դերասան այս ֆիլմում։ Բայց ԱՀԿ-ն սերտ կապեր ունի մի երկրի հետ, և այդ երկիրը Միացյալ Նահանգներն է»: