fbpx
Քաղաքականություն

Բլիցկրիգը չստացվեց, սկսվեց հյուծելու պատերազմ․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հաղթանակի մասին

Ալիևի ու Էրդողանի պլանավորած բլիցկրիգը չհաջողվեց, դրանից հետո սկսվեց հյուծելու պատերազմ` կամքի, նյարդերի ու ռեսուրսների պատերազմ։

Ակնհայտ է, որ Ալիևը, գնաց պատերազմի պես ծայրահեղ քայլի, որովհետև իր իշխանությունը այլ կերպ այլևս ի վիճակի չէր պահել։ Նավթի գների անկումն ու ոռոգման ջրի սակավության պատճառով խիստ տուժած տնտեսության հիմնական ճյուղերից մեկում` գյուղատնտեսության մեջ կրած վնասները սոցիալական ծանր վիճակի պտճառ էին դարձել Ադրբեջանում։ Կլանների միջև սուղ ռեսուրսների պայքարում միայն պատերազմում հաղթանակը կապահովեր «հաղթանակած նախագահ» Ալիևի իշխանության շարունակականությունը։ Ու Ալիևը որոշեց պատերազմով իր իշխանության գոյության կռիվը տալ։

Բոլորս էլ գիտենք, թե Ադրբեջանում ինչ փակ է ինֆորմացիան։ Պատերազմի առաջին իսկ օրվանից, որպես հարձակվող կողմ, Իլյուշան ադրբեջանցիներին ներկայացնում է միայն իրենց «ձեռքբերումները», որպեսզի ոգևորի իր զինվորներին ու ժողովրդին, ու մինչև հիմա գաղտնի է պահում նույնիսկ զոհերի թիվը` հասկանալով, որ հաղթելու դեպքում իրեն ներվելու է ամեն ինչ` այդ թվում նաև հնարավոր տասնյակ հազարավոր զոհերը, պարտության դեպքում` ոչինչ։ Ու այդպես, օր օրի անձամբ Իլհամ Ալիևը հեռուստաէկրաններից ադրբեջանցի ժողովրդին է ներկայացնում իրենց «ազատագրած» բնակավայրերի ցանկը` Կուբաթլի բիզիմդիր, Բարբաթլի բիզիմդիր, Ջամլաթլի բիզիմդիր… ու վերջում պարտադիր Կարաբախ բիզիմդիր… Երեկ էլ հայտարարեց, որ «ազատագրել» են Զանգելանը, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք «ազատագրելու» են բոլոր Ադրբեջանական հողերը և որ պայքարելու են այնքան մինչև վերջին հայ զինվորը դուրս չգա Ղարաբաղից։ (Դա նշանակում է նաև վերջին հայը, որովհետև ինքն էլ գիտի, ոչ առանց հայ զինվորի էնտեղ չկա հայ բնակչություն):

Էստեղ ուշադիր` Ալիևի համար հաղթանակը ձևակերպված է որպես Արցախի նվաճում, հայաթափում։

Իսկ ինչ է հաղթանակը մեզ համար. Կարծում եմ հաղթանակի հասնելու տարբերակները մեկը չեն, բայց ես գրեմ մեկի մասին, որը ես եմ տեսնում։

Դա Ալիևի ռեժիմի ոչնչացումն է, Ադրբեջանի կազմաքանդումը, և կապիտուլյացիան։

Ինչպես պետք է հասնել դրան։

Քանի որ Ադրբեջանի ժողովուրդը սնվում է ռեժիմի «հաջողություններով», ընդամենը պետք է այնպես անել, որ Ադրբեջանի ժողովուրդը գիտակցի Ալիևի սնանկությունը։ Այն է` Ալիևը ի վիճակի չի կատարել իր առաջ դրված խնդիրը` հայաթափել Արցախը։

Դրանից հետո ադրբեջանցիներն իրենք են Ալիևին «ուտելու»։ Մեզ կմնա միայն մեր պայմաններով ստորագրել խաղաղության պայմանագիր, հաջորդ պատերազը հետաձգելով գուցե էլի մի քանի տասնամյակ։

Իսկ ինչպե՞ս ցույց տալ Ալիևի սնանկությունը։ Իհարկե, մարտի դաշտում` ապացուցելով, որ Ալիևը ի վիճակի չի հաղթել այս պատերազմում։

Էստեղ նույնպես տարբերակները կարող են շատ շինել, բայց ես ներկայացնեմ հիմնական երեքը։

Մի տարբերակը կլիներ այն, որ բլիցկրիգը կանխելուց հետո մեր զորքերը առաջ գնային և ազատագրեին նոր տարածքներ։ Էդ դեպքում մենք կհայտնվեինք բաց դաշտում դրոնների, ավիացիայի և հրանոթների արկերի տեղատարափի տակ։ Գուցե լուծեինք դրված խնդիրը, բայց անչափ շատ թանկ գնով։ Դրան ըստ էության չգնացինք և ճիշտ արեցինք։

Երկրորդ տարբերակը կլիներ ամբողջ առաջնագծում ամեն գնով պահել դիրքերը և դիմակայել այնքան մինչև Ադրբեջանի ժողովուրդը հասկանար, որ իրենց ղեկավարը երկրում առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը էլ ավելի է սրում, իսկ հաջողություններ ռազմաճակատում այդպես էլ չի գրանցում։

Էս դեպքում պատերազմը շատ ավելի երկար կտևեր, որովհետև այն կլիներ հիմնականում ռեսուրսների պատերազմ, իսկ Ադրբեջանի նավթային ռեսուրսները գիտենք որ անսպառ չեն, բայց քիչ չեն։ Բացի այդ, ի տարբերություն Ալիևի, մեզ համար մեր զինվորի կյանքը ամենաթանկն է, իսկ երկար պատերազմի պայմաններում զոհերը անհամեմատ շատ կլինեին։

Երրորդ տարբերակը այն է, որը ըստ իս ընտրեց մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Մենք ամբողջ սահմանագծով պահեցինք առաջնագիծը, թույլ տալով Ադրբեջանի բանակին մեզ համար ամենանպաստավոր դիրքերում` հարավում, խորանալ Արցախի տարածքում։ Քանի, որ Ալիևին ու իր բանակին անհրաժեշտ էին արագ արդյունքներ, ցույց տալու համար հանրությունը, թե ինչ զորավոր է Ադրբեջանի բանակը, նրանք առանց երկար բարակ մտածելու գնացին այդ ճանապարհով։

Պատերազմական գործողությունները ավելի ու ավելի մոտեցան Հայաստանի տարածքին, որտեղ մեզ համար թե լոգիստիկայի տեսանկյունից, թե դիրքային առումով շատ ավելի բարենպաստ էր կռվելը։
Եվ այսպես, ինչպե՞ս ցույց տալ Ադրբեջանի ժողովրդին Ալիևի սնանկությունը իր իսկ սանձազերծած պատերազմում, եթե ոչ թույլ տալ նրան թվացյալ հաջողություններ գրանցել այն տարածքում, որը մեզ համար ամենաբարենպաստն է։ Թուլ տալ անձամբ գոռալ հեռուստաէկրանից` Ջաբրայիլ բիզիմդիր, Զանգելան բիզիմդիր, Հադրութ բիզիմդիր ու ապա ջարդել, հետ շպրտել նրան ու ցույց տալ, որ նա, ինչքան էլ գոռգոռա, միևնույն է ի վիճակի չի գրավել Արցախը։ Հնարավոր ամենակարճ ժամանակում ապացուցել ադրբեջանցիներին նրանց ղեկավարի դատարկաբան լինելը, նրա սնանկությունը։

Երեկ մեր բանակը սկսեց հենց այդ գործողությունը։ Ու սրա մասին կարելի է հիմա գրել բաց, որովհետև արդեն անդառնալի է Ալիևի կլանի անկումը և մեզ հարմար պայմաններով Ադրբեջանի կապիտուլյացիան։
Օրինակ, ես կուզենայի, որ Ադրբեջաինց ստացվելիք ռազմատուգանքի մի մասը տրվեր մինչև Քուռ գետը ընկած հարթավայրը 300 տարով Հայաստանին միացնոլով, որպեսզի մենք այնտեղ կարողանանք տեխնիկական կանեփ մշակենք։

Դուք ի՞նչ պայմաններով կուզենայինք ստորագրվեր կապիտուլյացիան»։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5332478163444856?__cft__%5B0%5D=AZXRmzvAUPPKTg-4xUUUnlPQmjpntK5eT838OffFuc61bMUxdIBls_c8zuiTcnJ4I-t9YCtNCooCONsHn_eIOYd73NgFipv_xHJP-Hz1G5qCeXm6vXqxqfAzexL4E-XZK-IRNliVmKi46saFUcu-heJ3&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ