Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատրաստ է սոցցանցերի օգտատերերին ամսական 2500 դոլար վճարել, որ իրեն գովազդեն ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, սկզբնական փուլում նման ծառայություններ միլիարդատիրոջը կտրամադրեն Կալիֆոռնիա նահանգից շուրջ 500 մարդ:
Պարբերականի փոխանցմամբ՝ աշխատանք փնտրողներից պահանջվում է ամեն օր սոցցանցերի էջերում հօգուտ Բլումբերգի հրապարակումներ անել, ինչպես նաև զբաղվել SMS-ի միջոցով ընկերների և ծանոթների շրջանում քարոզչությամբ: Թերթը նշում է, որ շաբաթական 20-30 ժամ նման աշխատանքի դիմաց վճարվում է ամսական 2500 դոլար:
Պարբերականի գնահատականներով՝ Բլումբերգը նման քայլի է գնացել մարտի 3-ին Կալիֆոռնիայում կայանալիք նախնական ընտրությունների նախաշեմին: Եթե քարոզչության նման ձևը հաջող լինի, ընդգծում է The Wall Street Journal-ը, այն նախընտրական արշավի ընթացքում կարող է կիրառվել նաև այլ նահանգներում: Ընդ որում, թերթի գնահատականներով, այն կարող է Բլումբերգին «միլինավոր դոլարներ» արժենալ:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: