Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց․ ԱՀ ՍԱՊԾ պետ

Ամենադիտվածներ

Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց․ ԱՀ ՍԱՊԾ պետ

Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4°C ջերմաստիճան: Ձվի պահման համար անհրաժեշտ է 0-ից +20°C աստիճան: Անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման, առանց մակնշման և առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության հավկիթ գնելուց:

Խոսելով ձկնամթերքի մասին՝ Ա. Ներսիսյանն ասել է, որ ձուկը համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում: Պաղեցրած ձկնամթերքը պահվում է -2-ից 0°C ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ: Պաղեցրած, ինչպես նաև պահածոյացված ձկնամթերքի վաճառքը փողոցում արգելվում է:

«Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց: Ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա: Խախտելով պահման պայմանները՝ փողոցում արևի ճառագայթների տակ ասֆալտի վրա դրված վաճառվող սնյնդամթերքի մեջ կարող են ներթափանցել թունավոր նյութեր, որն էլ օգտագործելիս կառաջանա թունավորումներ: Վերոնշյալ ռիսկերից խուսափելու համար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են վերահսկողական գործառույթներ, որը սկսվել է ոչ միայն արդեն իսկ շուկայահանված ապրանքների մասով, այլև մինչև վաճառք իրականացնելը: Հատկապես՝ ձմերուկի և սեխի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծառայության մասնագետների կողմից տրվել են ցուցումներ դրանց աճեցման և իրացման պայմանների վերաբերյալ», – մասնավորապես ասել է Ա. Ներսիսյանը:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ