Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են նաև հիպերձայնային զենքի ստեղծման հետ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ օգոստոսի 14-ին հեռարձակած հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Սևերոդվինսկի մերձակա զինափորձարանում տեղի ունեցած միջադեպը:
«Այդ միջադեպը վկայում է, որ, թեև Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Նիդեռլանդների տնտեսության չափին է, այն այնուամենայնիվ բավականաչափ միջոցներ է ծախսում պաշտպանության համար, որ ոչ միայն արդիականացնի իր միջուկային զինանոցը, այլ նաև ստեղծի զենքի փոխադրման նոր տեսակներ՝ հիպերձայնային թռչող ապարատներ, հիպերձայնային թևավոր հրթիռներ, որոնք զգալի չափով գողացված են ամերիկյան տեխնոլոգիաներից»,- հայտնել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ Արխանգելսկի մարզում զինափորձարանում միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Օգոստոսի 10 «Ռոսատոմ» պետական կորպորացիան տեղեկացրել է, որ ծովային հարթակում հրթիռի փորձարկման ժամանակ բռնկման և հետագա պայթյունի զոհ են դարձել իր հինգ աշխատակիցներ, երեքը հոսպիտալացվել են: