fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը խուսափել է ընկերուհու հետ վեճի մասին հարցերից

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը նախընտրական հանդիպման ժամանակ հրաժարվել է պատասխանել ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ վեճի մասին հարցին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Վեճի արդյունքում նրանց տուն ոստիկանություն էր մեկնել:

Ելույթ ունենալով Բիրմինհեմում նախընտրական հանդիպման ժամանակ՝ Ջոնսոնը հայտարարել է, որ մարդիկ չեն ուզում լսել իրենց վեճի մասին: Սակայն հանդիպման մոդերատորը կրկին ու կրկին այդ հարցն ուղղել է: Եվ երբ հերթական անգամ Ջոնսոնը չի պատասխանել հարցին, մոդերատորն ասել է, որ քաղաքական գործիչը խուսափում է պատասխանից:

«Մարդիկ իրավունք ունեն իմանալ, թե ինչ եմ ես ցանկանում անել երկրի համար»,- ասել է Ջոնսոնը՝ կրկին խուսափելով պատասխանից:

«Եթե ձեր տուն ոստիկանություն է գալիս, ապա դա վերաբերում է բոլորին: Դուք հավակնում եք երկրի վարչապետի պաշտոնին, սակայն շատերը, ովքեր հիանում են ձեր քաղաքականությամբ, ցանկանում են իմանալ այդ հարցի պատասխանը»,- շարունակել է մոդերատորը:

Քաղաքական գործիչը միայն նշել է, որ դա արդարացի պատճառ է, սակայն կրկին հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի տան մոտ, որտեղ նա ապրում է իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, բնակարանից լսվող կանացի ճիչերի և աղմուկի պատճառով ոստիկանություն էին կանչել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ