Բրիտանական դատարանը չեղարկել է որոշումը, որով պարտավորում էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին ներկայանալ դատական լսումներին ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի նախօրեին ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու մեղադրանքներին պատասխանելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Լոնդոնի Բարձր դատարանը չեղարկել է Վեստմինստերի դատարանի վճիռը, համաձայն որի՝ բրիտանացի քաղաքական գործիչը պետք է ներկայանար լսումներին:
Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարը կասկածվում էր հանրությանը ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու մեջ, մասնավորապես, Եվրամիության բյուջեում Մեծ Բրիտանիայի ներդրումների մասին: Նա պնդում էր, որ Լոնդոնը յուրաքանչյուր շաբաթ ուղղում էր Բրյուսել 350 մլն ֆունտ ստերլինգ (442.5 մլն դոլար):
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից անցած տարվա հուլիսին, քանի որ չէր ընդունել Brexit-ի իրագործման մասին վարչապետ Թերեզա Մեյի ծրագրի դրույթները: Այժմ նա իշխող Պահպանողական կուսակցության Համայնքների պալատի շարքային պատգամավոր է և հավակնում է թորիների առաջնորդի պաշտոնին և այդ պարագայում Մեյի հայտարարած հրաժարականից հետո կարող է դառնալ բրիտանական կառավարության պարագլուխը: