Ավտոներկրողների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ ավարտվել է։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել ու քննարկում ունենալ գրավոր պահանջների շուրջ։
Նա հայտնեց, որ Արման Սարգսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունը ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու հետ կապված։
«Հոկտեմբերի 14-ից տեղափոխվում է մաքսատունը հին շենք, որը չի հասցնելու 7 մարզերի բնակիչներին սպասարկել և պայթյունավտանգ իրավիճակ է առաջանալու»,-ասել է նա։
Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է՝ ներկայացվել են նաև ոլորտում իրենց հուզող մյուս խնդիրները ևս։
«ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին է ներկայացվել Փոթիի նավահանգստում առաջացած խնդիրը, մասնավորապես, որ հայկական մենքենաները չեն բեռնաթափում, տուգանում են ՀՀ քաղաքացիներին, գույքը առգրավվում են։
Առաջարկել ենք, որ աջ ղեկով մեքենաներին թույլ տան ղեկը Հայաստանում փոխել, ոչ թե Վրաստանում կանգնենք հերթերի և հազարավոր դոլարներ ծախսենք։
Խոսել ենք նաև, որ մեծ թվով մեքենաների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջանալու մեքենաների ներկրման ԵԱՏՄ դրույքաչափերի հետ կապված»,-նշեց նա։
Նշենո, որ այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ։ Նրանք դեմ են արտահայտվում ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելուն։
Նշենք, որ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։
Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։ Այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել;