Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրեւներ առաջացրած մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին կիրակի տեղեկացրել է G1 պորտալը՝ հղում կատարելով նահանգի կառավարությանը։ Մինչ այդ տեղեկացվել էր 24 զոհերի մասին։
Անցած օրը շրջանում տեղումների քանակը հասել է մեկ ամսվա նորմին, առավել տուժած Սան Սեբաստիանում եւ Բերտիոգայում այդ ցուցանիշը հասել է ռեկորդայինի՝ 627 եւ 683 միլիմետր։ Տարերային աղետը բազմաթիվ հեղեղումներ եւ սողանքներ, բնակելի տների եւ ենթակառուցվածքի օբյեկտների փլուզումներ է առաջացրել։ Խափանվել է ճանապարհային երթեւեկությունը խոշոր մայրուղիներում, որոնք Սան Պաուլու նահանգի համանուն մայրաքաղաքը կապում են մերձափնյա եւ հարեւան Ռիո դե Ժանեյրոյի շրջանների հետ։ Տեղի իշխանությունների տեղեկացմամբ՝ փլատակների տակ դեռ տասնյակ մարդիկ կան։
Հինգ շրջաններում, որոնք ամենից շատ են տուժել տարերքի հարվածից, արտակարգ դրություն է հայտարարվել։ Շատ շրջաններում խափանվել է ջրա- եւ էլեկտրամատակարարումը, չի աշխատում բջջային կապը։ Հետեւանքների դեմ պայքարին մասնակցում է ավելի քան հարյուր փրկարար։ Նրանց օգնության կուղարկեն բանակային ավիացիան։
Տեղի իշխանությունները չեղարկել են բոլոր զվարճալի միջոցառումները սպասվող կառնավալի հետ կապված։ Երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան խոստացել է օգնություն ցուցաբերել բնական աղետի հետեւանքների վերացման գործում։ Պետության ղեկավարն ընդհատել է արձակուրդը, որպեսզի երկուշաբթի այցելի տուժած շրջան։