fbpx
Մշակույթ

Բրեմենում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

Մայիսի 9-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։

Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում:

Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով, որոնցում առկա են երկրաչափական, բուսական, կենդանական ձևերի պարզ ու բարդ զուգորդումներ: Դրանք ձևով և գունային լուծումներով աղերսներ ունեն հայկական որմնանկարչության, մանրանկարչության, քարի ու փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության և խաչքարագործության հետ:

Արմինե Խաչատրյանը «Արար». ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է, որի նշանակալի ներդրումը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ, Խանջյան և Մյասնիկյան համայնքների ձեռագործ սովորող աղջիկներին ու կանանց իր վարպետության գաղտնիքների անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցումն է։

Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ