fbpx
Աշխարհ

Թուրքիայում Էրդողանի անձնական SADAT բանակին քաղաքական բռնաճնշումների մեջ են մեղադրել

Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության (ԱՀԿ) անդամները սպառնալիքներ են ստանում թուրքական մասնավոր ռազմական SADAT ընկերության ներկայացուցիչներից։

Հաղորդվում է, որ թուրքական TV100 հեռուստաալիքով ԱՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հարցազրույցը հանկարծ ընդհատվել է SADAT-ի գովազդի հեռարձակմամբ, որը կոչվում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական բանակ։ Քըլըչդարօղլուն սա հերթական սպառնալիք է համարել իշխող կուսակցության կողմից, որից հետո 2022 թվականի հունիսին հայց է ներկայացրել մասնավոր ռազմական ընկերության դեմ։ Նշվում է, որ SADAT-ը հերքել է մեղադրանքները։

«SADAT կիսառազմական կազմակերպությունը ստեղծվել է թուրքական օրենքների շրջանակներում՝ հանցագործություններ կատարելու նպատակով, եւ այն հանցավոր կառույց է»,- մեջբերում է հրատարակությունը ԱՀԿ-ի ղեկավարի տեղակալ Բյուլենթ Թեզջանին։ Քաղաքական գործչի խոսքով՝ SADAT-ը Էրդողանի աջակցությամբ զբաղվում է զենքի առեւտրով, ինչպես նաեւ ահաբեկիչների պատրաստմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ SADAT-ը 2012 թվականին ստեղծված ընկերություն է, որը զբաղվում է ռազմական գործունեությամբ և աշխատում է նախկին գաղութատիրական պետություններում։ Թուրքիայի ղեկավարն այս մասին խոսել է 2022 թվականի մայիսին՝ հերքելով ընդդիմության հայտարարություններն ընկերության հետ իր իբր ունեցած կապերի և նրա ղեկավարությանը հովանավորելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ